Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Բարեփոխումներ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում

հոկտեմբերի 26, 2017

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել էր Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում նախատեսվող  մի շարք բարեփոխումների մասին, որոնց նպատակն է պարզեցնել և զարգացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների ընթացակարգը: Բարեփոխումների արդյունքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել ծառայությունները ստանալ ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում՝ առանց լրացուցիչ վարչական խոչընդոտների :

ՀՀ Արդարադատության նախարարությունը նաև կարևորում է քաղաքացիների իրազեկվածությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, քանի որ տվյալ ոլորտից իրազեկված լինելով՝ անձը իրազեկ է իր իրավունքների մասին, կարողանում է պաշտպանել դրանք: Արդարադատության նախարարությունը նաև կարևորում է պետության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների և բիզնեսի իրազեկվածության բարձրացումը՝ որպես բիզնես միջավայրի բարելավման և հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման կարևորագույն գործիք: Այդ նպատակով, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրամատչելի ձևով ներկայացնում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների ինֆոգրաֆիկան, որն ավելի մատչելի է դարձնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձանց գրանցման ոլորտում առաջացող ցանկացած խնդրի մասին քաղաքացիները կարող են հայտնել ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը՝ ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն և խնդրի լուծման հարցում աջակցություն: «Թեժ գիծ» ծառայությանը կարելի է դիմել 8500 կարճ համարին զանգահարելով կամ www.e-hotline.am կայքի միջոցով: