Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նոտարների վերապատրաստման երկօրյա դասընթացներ

մայիսի 29, 2026

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նոտարների վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ նվիրված փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում նոտարների կարողությունների զարգացմանը և ռիսկահեն վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Դասընթացներին մասնակցել է 59 նոտար։

Բացման խոսքով են հանդես եկել Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը։

Հատուկ ընդգծվել է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն միջազգային պարտավորություն, այլև՝ պետության ֆինանսական անվտանգության, իրավական համակարգի վստահելիության և իրավունքի գերակայության ապահովման կարևոր բաղադրիչ։ Կարևորվել է նոտարների դերը՝ որպես կանխարգելման համակարգի առանցքային մասնակիցների, ընդգծվել է գործարքների վավերացման փուլում ռիսկերի բացահայտման, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության իրականացման և կասկածելի գործարքների կանխարգելմանը նպաստելու գործառույթը։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարված դիտարկումներին, մասնավորապես՝ կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների որակի, ռիսկահեն մոտեցումների կիրառման և պատշաճ ուսումնասիրության փաստաթղթավորման հետ կապված հարցերին։ Ընդգծվել է, որ ոլորտում պատշաճ գործընթացների ապահովումը պահանջում է շարունակական համագործակցություն, մասնագիտական կարողությունների զարգացում և միասնական պատասխանատու մոտեցում։

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության և Կենտրոնական բանկի համապատասխան ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ոլորտում արձանագրված հիմնական ռիսկերը և խնդիրները, կասկածելի գործարքների բացահայտման չափանիշները, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և իրական շահառուների նույնականացման գործընթացներին վերաբերող գործնական հարցերը, ինչպես նաև՝ ռիսկահեն վերահսկողության արդյունավետ իրականացման մեխանիզմները։

Արդարադատության նախարարությունը շարունակելու է ոլորտում վերապատրաստման ծրագրերի իրականացումը և վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։