Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են «Իրավական ակտերի մշակման տեխնիկա» խորագրով սեմինարին

նոյեմբերի 07, 2014

 ՀՀ արդարադատության նախարարությունը  գերմանական   GIZ կազմակերպության հետ համատեղ նախարարության աշխատակիցների համար նոյեմբերի 4-7-ը կազմակերպել էր սեմինարների շարք «Իրավական ակտերի մշակման տեխնիկա» խորագրով:

 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է սեմինարի մասնակիցներին և կարևորել նման միջոցառումների անցկացումը երիտասարդ կադրերի մասնագիտական ունակությունների զարգացման տեսանկյունից: Նա կոչ է արել նրանց իրավական ակտերի մշակման ու կազմման աշխատանքներում լինել հետևողական հատկապես բառերի ընտրության հարցում, ուշադրություն դարձնել դրանց ճիշտ, դիպուկ և տեղին կիրառելիությանը:

 «Յուրաքանչյուր բառ պետք է ունենա որոշակի բեռ, նպատակ, այդ թվում՝ օտարածին բառերը, իսկ մեզ մոտ այդպիսի բառերի գործածումը հաճախ արվում է սխալ: Պետք չէ օգտագործել ավելորդ բառեր, որպեսզի ցույց տանք, թե ինչ ենք ուզում ասել: Պետք է ձևակերպել հնարավորինս հակիրճ և դիպուկ, որպեսզի խուսափենք ավելորդաբանություններից»,-ընդգծել է նախարարի առաջին տեղակալը:

 Սեմինարավար, գերմանացի փորձագետ Ֆրեդրիկ Վիտեն նշել է, որ օրենքները երբեմն գրվում են երկար նախադասություններով, այնպես, որ նախադասության վերջին հասնելիս մոռացվում է սկիզբը, ինչը հատուկ է ոչ միայն Հայաստանին. նման նախադեպերի կարելի է հանդիպել նաև Գերմանիայում: «Մի նախադասության մեջ հաճախ չափից շատ փաստեր են շարադրվում, որոնք դժվարացնում են հոդվածի իմաստային ընկալումը»,-նշել է Ֆրեդրիկ Վիտեն: Նա ընդգծել է նաև, որ հայկական օրենքներում հաճախ հանդիպող սխալներից է կրկնաբանությունը: Պետք է ձերբազատվել նաև օրենքներում ամրագրվող նախաբաններից, քանի որ, ըստ նրա, դրանք խորհրդային ժառանգություն են, որոնք հետապնդել են ավելի շատ քարոզչական նպատակ:

 Սեմինարի մասնակիցների համար անցկացվել են իրավական նորմերի ձևակերպման ընդհանուր սկզբունքների, իրավական ակտերում հղումներ կատարելու, օրենքների վերնագրերի կազմման, իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, հիմնավորումների, կառուցվածքի, իրավական նորմերի ձևակերպման սկզբունքների, օրենսդրական գործընթացին երրորդ անձանց մասնակցության և այլ կարևոր սկզբունքների ու ընթացակարգերի տեխնիկական և իմացական հմտություններին առնչվող տեսական ու գործնական դասընթացներ:

 Սեմինարի մասնակիցները ծանոթացել են իրավական ակտերի նախագծերի մշակման ՀՀ արդարադատության նախարարության և GIZ-ի մշակած մեթոդական ցուցումներին: Գերմանական օրենսդրության օրինակների վրա ներկայացվել է նաև իրավական ակտերի հստակ ձևակերպումների և ավելորդաբանություններից խուսափելու տեխնիկան: Կատարվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրենքների համեմատական վերլուծություններ, դրանց հիման վրա կազմվել են խնդիրներ և վարժություններ: