9 նոտար, 10 հարկադիր կատարող, 12 ՔԿՀ ծառայող և 3 պետ, 2 պրոբացիայի ծառայող ենթարկվել են պատասխանատվության․ Վերահսկողության վարչության 2023 թվականի կատարած աշխատանքների ամփոփում
դեկտեմբերի 28, 2023
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Այսպիսով` 9 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ 1 «նկատողություն», 2 «խիստ նկատողություն», 3 «գործունեության կասեցում»։ Երեք նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներ կարճվել են՝ խախտման նվազ կարևոր լինելու հիմքով:
Երեք կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարիչների նկատմամբ, որոնց արդյունքում մեկ սնանկության գործով կառավարչի գործունեություն կասեցվել է, իսկ երկուսինը՝ դադարեցվել:
Եվս 1 սնանկության գործով կառավարչի լիազորություններ դադարեցվել են քաղաքացու դիմումի ուսումնասիրության արդյունքում։
Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում վերահսկողական վարչությունն իրականացրել է թվով 3 ծրագրային ուսումնասիրություն, որոնցից մեկի արդյունքներով համապատասխան քրեակատարողական հիմնարկի 12 քրեակատարողական և 1 քաղաքացիական ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական տույժերի, երկրորդով՝ կազմվել է տեղեկանք և Արդարադատության նախարարի կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ երրորդով կազմվել է համապատասխան տեղեկանք:
Իրականացվել է թվով 10 ծառայողական քննություն, որոնց արդյունքում թվով 3 քրեակատարողական հիմնարկի պետեր և թվով 2 պրոբացիայի ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական տույժերի։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության վերաբերյալ հարուցվել են թվով 7 վարչական վարույթներ, արդյունքում 1 բողոք բավարարվել է մասնակի, 2 բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթները կարճվել են, 4 բողոքներ մերժվել են: Իրականացվել են թվով 4 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով՝ 2 դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ 1 «նկատողություն», 1 «նախազգուշացում», ծառայողական քննություններից մեկը կասեցվել է՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, մեկը դադարեցվել է, ծառայողական քննության մասնակիցներից մեկի զբաղեցրած պաշտոնից ազատվելու հիմքով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իրականացված ծրագրային ուսումնասիրությունների արդյունքներով 4 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1 «նախազգուշացում», 1 «նկատողություն», «2 խիստ նկատողություն»:
Հինգ դիմում-բողոքի ուսումնասիրության արդյունքում տրված ցուցումների հիման վրա գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հրամաններով նշանակվել են ծառայողական քննություններ: Արդյունքում 6 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: