Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ
հունիսի 18, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի նպատակն է՝
- կատարելագործել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման և դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի կազմակերպման իրավակարգավորումները:
- բարձրացնել վերասոցիալականացման աշխատանքների գնահատման օբյեկտիվությունը և պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում քրեակատարողական հիմնարկների դերակատարության արդյունավետությունը։
Առաջարկվում է`
- վերանայել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կարգավորումները՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը դիտարկելով որպես դատապարտյալի պատշաճ վարքագծի, այլ ոչ թե նոր հանցանք կատարելու հավանականության ցուցիչ,
- բացառել այն մոտեցումը, երբ դատապարտյալի վարքագիծը ոչ պատշաճ է գնահատվում բացառապես հանցագործությամբ պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով՝ հաշվի առնելով ազատազրկման պայմաններում նրա սահմանափակ հնարավորությունները։
- Սահմանել, որ այդ դեպքում դատարանը անձին պայմանական վաղաժամկետ ազատում է պատիժը կրելուց՝ նրա վրա դնելով վնասը հատուցելու պարտականություն, որի կատարումից խուսափելու դեպքում դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը:
- Սահմանել, որ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր,
- վերասոցիալականացման աշխատանքների գնահատման պարբերականությունը սահմանել 3-12 ամիս՝ ապահովելով դրանց առավել օբյեկտիվ և բովանդակային գնահատումը,
- պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման գործընթացի շրջանակում անհրաժեշտ գործողությունները առաջարկվում է վերապահել քրեակատարողական հիմնարկներին, որոնք անմիջականորեն իրականացնում են դատապարտյալների հետ աշխատանքը և տիրապետում են անհրաժեշտ տեղեկություններին:
Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից :