Սնանկության ոլորտը շարունակում է բարեփոխվել

հունիսի 19, 2026

Ազգային ժողովը 2026 թվականի հունիսի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական նպատակն է ունենալ նոր համապարփակ օրենսդրություն, որը առաջին անգամ մեկտեղում է սնանկության հետ կապված բոլոր նյութական և դատավարական հարցերը և միասնական չափանիշով կարգավորում է ոլորտի հարցերը` բացառելով տարբեր օրենսդրական ակտերում առկա հնարավոր բացերը և հակասությունները: 
1. Սնանկության շեմերը փոփոխվում են։
Գործող օրենքով կամավոր և հարկադրված սնանկության համար հիմնական շեմը նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը գերազանցող պարտավորության 90-օրյա կետանցն է։ Նախագծով շեմը դառնում է նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը գերազանցող պարտավորության մեկամսյա կամ ավելի կետանցը։ Այսինքն՝ պարտքի չափի շեմը բարձրացվում է, բայց ժամկետը՝ կրճատվում։
2. Ավելի հստակ է սահմանվում, թե երբ է պարտքը «անվիճելի»։
Նախագծով սնանկության հիմք կարող է դառնալ ոչ թե պարզապես վիճարկման ենթակա պարտքը, այլ այնպիսի պարտքը, որը հաստատված է դատական կամ արբիտրաժային ակտով, նոտարի պարտադիր դարձած կարգադրությամբ կամ անբողոքարկելի վարչական ակտով, իսկ ֆիզիկական անձանց սնանկության դեպքում նաև պահանջվում է, որ կատարողական վարույթն ավարտված կամ կասեցված լինի բացասական ելքով։ Սրա նպատակն է բացառել ֆիկտիվ սնանկությունները, կանխել սնանկության վարույթի չարաշահումները այն դեպքերում, երբ սնանկության դիմումը օգտագործվում ոչ թե իրական անվճարունակությունը պարզելու և ֆինանսական բարդ դրության մեջ հայտնված բարեխիղճ պարտապաններին պաշտպանելու, այլ պարտքից սնանկության միջոցով հեշտությամբ ազատվելու համար։ 
3. Ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները մանրամասն կարգավորում են ստացել։
Նախագծով ֆիզիկական անձի սնանկության համար սահմանվում են առանձին կանոններ՝ գույքի վաճառքի վարույթ, աշխատավարձից գանձումների կարգ, պարտքից ազատման կանոններ և սնանկությունից հետո որոշ սահմանափակումներ։ Օրինակ՝ պարտավորությունները կարող են համարվել մարված, եթե գույքը բավարար չէ պարտքերը մարելոի համար, բայց որոշ պարտքեր չեն ներվում՝ ալիմենտ, կյանքի և առողջությանը պատճառված վնաս, հանցագործությամբ պատճառված վնաս, սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած մեկ տարվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորություններ և այլ հատուկ պարտավորություններ։
4. Ներդրվում է պարտքից ազատման ավելի հստակ և չարաշահումները բացառող մեխանիզմ։
Չնայած գործող օրենքում ևս կան պարտավորություններից ազատվելու կանոններ, սակայն նախագծով ավելի մանրամասն են կարգավորվում այն պայմանները, որոնց դեպքում ֆիզիկական անձ պարտապանը կարող է ազատվել պարտքից (մնացած մասից)։ Միաժամանակ նախատեսվում են ավելի հստակ սահմանափակումներ և բացառություններ։ Բացի այդ, պարտապանը չի կարող ազատվել պարտքերից, եթե վարույթում դրսևորել է անբարեխիղճ վարքագիծ, օրինակ՝ թաքցրել է գույք, ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ դիտավորությամբ խուսափել է պարտավորությունների կատարումից։ Այսպիսով, ի տարբերություն գործող կարգավորման, նախագիծը ոչ թե հեշտացնում է պարտքից ազատվելը, այլ սահմանում է ավելի հստակ և խիստ պայմաններ՝ ապահովելու, որ այդ հնարավորությունից օգտվեն միայն բարեխիղճ պարտապանները։
5. Սնանկության կանխարգելման կառուցակարգերը վերանայվում և լավարկվում են։
Նախագիծը նախատեսում է կանխարգելիչ վերակառուցման վարույթը, որը նախատեսված է այն դեպքերի համար, երբ պարտապանը դեռ սնանկ չէ, բայց կա իրական վտանգ, որ առաջիկա 12 ամսում կարող է անվճարունակ դառնալ։ Նպատակն է պարտքերը վերակազմակերպել ավելի վաղ փուլում և կանխել սնանկությունը։
6. Հստակեցվում է ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման և հաստատման կարգը։
Նախագծով ավելի մանրամասն է կարգավորվում, թե ինչ ընթացակարգով է պարտապանը ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագիր, ինչպես են պարտատերերը քննարկում և քվեարկում դրա վերաբերյալ, ինչպես են ձևավորվում պարտատերերի խմբերը, և որ դեպքերում դատարանը կարող է հաստատել ծրագիրը։ Այս կարգավորումների նպատակն է, որ պարտապանի գործունեությունը հնարավորության դեպքում շարունակվի, իսկ պարտքերը մարվեն ոչ թե գույքի անմիջական վաճառքով, այլ նախապես համաձայնեցված ծրագրով։ Նախագծով նաև պաշտպանվում է այն նոր ֆինանսավորումը, որը տրամադրվում է առողջացման ծրագրի իրականացման համար, որպեսզի ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավումը չխոչընդոտվի։
7. Գույքի վաճառքի և գնահատման գործընթացը ավելի մանրամասն է կարգավորվում։
Նախագծով ավելի մանրամասն է կարգավորվում պարտապանի գույքի գնահատման և վաճառքի գործընթացը։ Նախատեսվում է, որ մինչև գույքի վաճառքը պետք է որոշվի դրա արժեքը․ անշարժ գույքի դեպքում հիմք է ընդունվում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, իսկ այլ գույքի դեպքում, անհրաժեշտության դեպքում, գնահատումն իրականացվում է փորձագետի միջոցով։ Որպես վաճառքի հիմնական եղանակ նախատեսվում են հրապարակային սակարկությունները։ Այս կարգավորումների նպատակն է ապահովել գույքի առավել թափանցիկ և հիմնավորված վաճառքը՝ հնարավորինս բարձր գնով և ավելի լայն մրցակցության պայմաններում։
8. Ընդլայնվում է սնանկության կառավարիչների շրջանակը։
Նախագծով կառավարիչ կարող է լինել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձը, ինչպես նաև սահմանվել են օտարերկրյա սնանկության կառավարիչների որակավորման ճանաչման հնարավորությունները։ 
9. Նախատեսվում են բիզնեսը պահպանելու նոր գործիքներ։
Նախագծում առանձին կարգավորվում են ձեռնարկության կամ դրա մասի վաճառքի, այդ թվում՝ նախապես փաթեթավորված վաճառքի մոտեցումները։ Սա կարող է թույլ տալ, որ պարտապանի բիզնեսը ոչ թե պարզապես մասնատվի և վաճառվի, այլ հնարավորության դեպքում պահպանվի որպես գործող տնտեսական միավոր։
10. Առանձին կարգավորվել են անդրսահմանային սնանկությանը վերաբերող հարցերը։
Գործող օրենքը հիմնականում սահմանում է, որ օտարերկրյա սնանկության որոշումները ճանաչվում են միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության սկզբունքով։ Նախագիծը նախատեսում է շատ ավելի մանրամասն կարգ՝ օտարերկրյա սնանկության վարույթների ճանաչում, օտարերկրյա ներկայացուցչի մասնակցություն, օտարերկրյա պարտատերերի ծանուցում և դատարանների համագործակցություն։