Նախարարն ԱԺ նիստում ներկայացրել է վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը
մարտի 03, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը
Նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովել քաղաքացիների համար գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և թեթևացնել վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը:
Ըստ այդմ առաջարկվում է՝
- վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես ընդհանուր կանոն քննել գրավոր ընթացակարգով.
- այն դեպքերում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում և այդ վճիռը վերաբերում է երեք հարյուր հազար դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա դրանք բողոքարկել վերաքննիչ դատարան:
Հաշվի առնելով վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և փորձելով ապահովել բողոքների քննության ժամկետների իրատեսականությունը՝ առաջարկվում է նախատեսել վերաքննիչ բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, և այն միայն մեկ անգամ՝ ևս 6 ամսով երկարաձգելու կարգավորում:
Կարևոր է նկատի ունենալ, որ՝
- նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերի բողոքարկումը սահմանափակող դրույթը ուժի մեջ է մտնելու օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց, բացառությամբ Պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտերի մասով բողոքների, որոնց համար օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը.
- օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ վարչական մարմինների կողմից ներկայացված, բայց դեռևս վարույթ չընդունված բողոքների ընդունումը մերժվելու է, իսկ դատաքննության փուլում գտնվող բողոքների դեպքում` վերաքննիչ վարույթը կարճվելու է: