Հաշտարարության ոլորտում, «Պետական սահմանի մասին» օրենքում և «Արդարադատության ակադեմիայի» մասին օրենքում մի շարք փոփոխություններ են նախատեսվում

սեպտեմբերի 10, 2025

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն Ազգային ժողովին է ներկայացրել նախագծեր, որոնք քննարկվել են առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝

  •   «Հաշտարարության մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը,
  •  «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը,
  • «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին նախագիծն ուղղված է հաշտարարության ինստիտուտի շարունակական լավարկմանն ու արդյունավետության բարձրացմանը: Փաթեթով նախատեսվում է, որ՝

  • առցանց հաշտարարության ընթացակարգի կիրառման դեպքում հաշտության համաձայնությունը կարող է ստորագրվել նաև էլեկտրոնային եղանակով,
  • հաշտարարի թեկնածու նշանակելու համար վեճի կողմերը կարող են Արդարադատության նախարարությանը առաջարկել նշանակել նաև հաշտարարական հաստատություն,
  • գործով կարող է իրականացվել համահաշտարարություն՝ մեկից ավելի հաշտարարի մասնակցությամբ՝ վեճն ավելի արդյունավետ լուծելու համար,
  • եթե դատական վարույթում վեճի լուծումը հաշտարարությամբ իրականացնելու մասին որոշում է կայացվում, ապա արտոնագրված հաշտարարի կողմից հաստատված համաձայնությունը կարող է շեղվել դատարան ներկայացված հայցի առարկայի և հիմքի շրջանակից,
  • արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանում կարող է հաստատվել կնքումից հետո մինչև մեկ տարվա ընթացքում՝ ներկայիս վեց ամսվա փոխարեն,
  • հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճռով դրա տեքստը չի հրապարակվում, որպեսզի ապահովվի հաշտարարության գործընթացի գաղտնիությունը,
  • օտարերկրյա անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության արտոնագրված հաշտարարի կողմից իրականացված հաշտարարության արդյունքում համաձայնությունը հնարավոր կլինի հաստատել հայաստանյան դատարաններում:

Երկրորդ նախագծով առաջարկվում է օրենքով կարգավորել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես առաջարկվում է՝

  • օրենքի մակարդակում ամրագրել, որ սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով գործում է ՍԷԿՏ համակարգը,
  • նախատեսել, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի և արտացոլվի,
  • սահմանել համակարգին հասանելիություն ունենալու և տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները,
  • օրենքով ամրագրել, որ մարմիններին հասանելիություն կարող է տրվել օրենքով իրենց վերապահված լիազորությունների (գործառույթների) շրջանակներում և այդ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծավալով,
  • հստակեցնել, թե Կառավարության որոշմամբ ինչ հարցեր են կարգավորվելու:

Երրորդ փաթեթով առաջարկվում է վերանայել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրման կարգավորումը, քանի որ ունկնդիրները իրավունք ունեն կրթվելուն զուգահեռ նաև աշխատել: Արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 45 միլիոն ՀՀ դրամի տնտեսում: