Հայաստանում մեկնարկել է «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ԵԽ ծրագիրը
փետրվարի 26, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ելույթով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» թեմայով քննարկմանը։
Իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ այս նախաձեռնությունը իրականացվել է Արդարադատության նախարարության հետ համատեղ, որը ցույց է տալիս նախարարության մոտեցումը այս կարևոր հարցի վերաբերյալ, որպես հիմնաքարային արժեք՝ ժամանակակից զարգացման հասարակությունում։ Խոսքի և տեղեկատվության ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից է՝ ոչ միայն որպես անհատական իրավունք, այլ նաև որպես հանրային բանավեճի որակի, հաշվետվողականության և վստահության ձևավորման կարևոր նախապայման։ Աննա Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է առաջընթաց մեդիա միջավայրի և տեղեկատվության մատչելիության ոլորտում: Այդ զարգացումները ամրապնդվել են նաև պետական տեղեկատվության մատչելիության ուղղությամբ ձեռնարկված քայլերով, այդ թվում՝ Տրոմսոյի կոնվենցիայի վավերացմամբ, որը կարևոր ուղենիշ է թափանցիկ կառավարման և հանրային վստահության ամրապնդման ճանապարհին։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ փոխնահագահ Ռուբեն Ռուբինյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանն իրենց ելույթներում նույնպես անդրադարձել են խոսքի ազատության ամրապնդման հարցերին, իրավական կարգավորումներին, մարդու իրավունքների հիմնարար արժեքներին, Հայաստանում ազատ խոսքի նոր հնարավորությունների ստեղծմանը, լրատվամիջոցների ու լրագրողների անվտագության պահպանմանը։
Նշենք, որ ծրագիրը նպատակ ունի աջակցել այս ոլորտում խոսքի ազատության ամրապնդմանը և ընթացիկ օրենսդրական բարեփոխումներին, տեսալսողական մեդիայի մասին օրենքի կարգավորումներին, հանրային հեռարձակողի պարտականություններին, Հայաստանի համապատասխան մարմինների (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և վարչապետի գրասենյակ) ինստիտուցիոնալ ջանքերին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարելավման գործում։