Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման նոր փուլ
հունիսի 30, 2026
Հունիսի 27-28-ին Ասիական զարգացման բանկի (ADB), Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի (SIMC) և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցության և արդյունավետ համագործակցության արդյունքում տեղի ունեցավ հաշտարարների վերապատրաստման ինտենսիվ դասընթաց, որը նվիրված էր վեճերի լուծման այլընտրանքային եղանակների կատարելագործմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը մեր երկրում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Տիգրան Դադունցն իր խոսքում ընդգծեց, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը ՀՀ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության անկյունաքարն է, որի հիմնական նպատակն է ստեղծել ավելի ճկուն, մարդակենտրոն և արդյունավետ վեճերի լուծման համակարգ։ Նախարարի տեղակալը նշեց նաև, որ ներկայումս քննարկումներ են գնում Սինգապուրի կոնվենցիայի վավերացման ուղղությամբ, ինչը ոչ միայն կբարձրացնի երկրի ներդրումային գրավչությունը, այլև կապահովի միջազգային առևտրային վեճերի լուծման կանխատեսելի և հուսալի միջավայր։
Երկօրյա դասընթացի շրջանակներում մասնակիցները խորացրին իրենց հմտությունները հաշտարարության ոլորտում: Սա ծրագրի միայն առաջին փուլն է։ Մասնագիտական զարգացման այս ուղին շարունակական է լինելու. հոկտեմբերին կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը, որի արդյունքում մասնակից հաշտարարները կստանան համապատասխան որակավորում նաև Սինգապուրի միջազգային հաշտարարական կենտրոնի կողմից: