Կրթությունը չպետք է ընդհատվի՝ անգամ տնային կալանքի դեպքում
հունիսի 17, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
📌Նախագծի ընդունումը պայմանավորված է տնային կալանք խափանման միջոցի կիրառության ընթացքում անձի կրթության իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ:
Առկա համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում ներկայում հնարավոր չի լինում ապահովել տնային կալանքի տակ գտնվող անձանց կրթության իրավունքի պատշաճ իրացումը: Նկատի ունենալով, որ տնային կալանք խափանման միջոցը ենթադրում է անձի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումներ, և տնային կալանքի տակ գտնվող անձը չի կարող այցելել ուսումնական հաստատություն և մասնակցել ուսումնական գործընթացին առավել նպատակահարմար է վերջիններիս կրթությունը կազմակերպել հեռավար կարգով հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հանրակրթության մասին» օրենքը նախատեսում է նման հնարավորություն:
Այսպիսով, Նախագծով առաջարկվում է՝
✅սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ: