ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացվել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նոր էլեկտրոնային հարթակը
ապրիլի 10, 2026
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացվել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նոր էլեկտրոնային հարթակը, որը գործարկվել է 2025 թվականի դեկտեմբերի 24-ին։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը նշել է, որ նոր համակարգը հնարավորություն է տալիս գրանցման գործընթացներն ամբողջությամբ իրականացնել առցանց՝ ապահովելով անվտանգ նույնականացում և անձնական տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն։ Հարթակում արդեն հասանելի է ավելի քան 10 ծառայություն, և գրանցումների ընդհանուր թիվը շարունակաբար աճում է՝ վկայելով համակարգի նկատմամբ աճող վստահության մասին։
Միջոցառման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացվել է նաև հասարակական կազմակերպության գրանցման գործընթացը, որը տևել է շուրջ 15 րոպե՝ ցուցադրելով համակարգի արագությունն ու գործնական արդյունավետությունը։ ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի ընդլայնված հասանելիություն՝ բիզնեսների վերաբերյալ տվյալներին ամբողջական մուտք ունենալու նպատակով, ինչը կնպաստի տեղեկատվության թափանցիկության բարձրացմանը և հանրային վերահսկողության արդյունավետության ուժեղացմանը։
Քննարկման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ արդեն իսկ ընդունվել են ի գիտություն և կներառվեն համակարգի հետագա բարելավման գործընթացում։ Ընդգծվել է նաև, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ շարունակական հաղորդակցությունը կծառայի որպես կարևոր գործիք՝ համակարգի մշտական զարգացման և կատարելագործման համար։ Քննարկումը կազմակերպվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ։