Գևորգ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված ճանաչողական այցին
հուլիսի 09, 2026
Ինչպե՞ս են եվրոպական լավագույն փորձը, թվային լուծումները և արհեստական բանականությունը նպաստում քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի զարգացմանը։
Այս նպատակով արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանի և Պրոբացիայի ծառայության ղեկավար Գուրգեն Աֆրիկյանի հետ, հուլիսի 6-8-ը Լատվիայում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված ճանաչողական այցին։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լատվիայի արդարադատության նախարարության, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ղեկավար կազմի հետ, ինչպես նաև այցելել Ռիգայի կենտրոնական և Օլայնեի քրեակատարողական հիմնարկներ ու Քրեակատարողական ծառայության ուսումնական կենտրոն։
Պատվիրակությունը ծանոթացել է ազատազրկման վայրերում պահման պայմաններին, վերասոցիալականացման ծրագրերին, բազմամասնագիտական թիմերի աշխատանքին, ռիսկերի և կարիքների գնահատման, կախվածության բուժման, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացներում կիրառվող մեխանիզմներին, ինչպես նաև պրոբացիայի ոլորտում թվային լուծումներին և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին։
Այցն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» և «Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա ամրապնդում» ծրագրերի շրջանակում։