Մրցույթներ

Հայտարարություն՝ ՀԿ-ների կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու մասին

մարտի 24, 2026

Հասարակական կազմակերպությունների կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու մասին

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 736-Ն որոշումը՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին:
Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարը՝
1) պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա կառավարման ոլորտի աշխատանքային փորձ.
2) պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից:
ՀԿ-ների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) հաստատվում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ (այսուհետ՝ արձանագրություն), թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ ՀԿ-ներն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը:
Ցուցակին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝ 
1)    ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ թեկնածուի կենսագրական տվյալների ներկայացում,
2)    տեղեկատվություն՝ թեկնածուի կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության մասին:
Արձանագրության բնօրինակը ցուցակում ընդգրկված անձի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի կենսագրական տվյալները, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը ՀԿ-ները (նրանց կազմից ընդգրկված հասարակական կազմակերպությունը) գրավոր դիմումով ներկայացնում է Արդարադատության նախարարության աշխատակազմ՝ առձեռն, փոստով (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ էլեկտրոնային եղանակով (էլ. փոստի հասցե՝ naira.sedrakyan@justice.am):
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի          2-ը, ժամը 18.00-ը:
ՀԿ-ների կողմից թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման դեպքում նախարարության աշխատակազմն առաջարկում է երկօրյա ժամկետում շտկել թերությունները։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո Արդարադատության նախարարության աշխատակազմը ՀԿ-ների կողմից ներկայացված ցուցակը, թեկնածուների կենսագրական, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության, ինչպես նաև առաջադրած հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում:
Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-59-40-09 հեռախոսահամարով: